Արատեսյան եռօրյա ճամփորդություն

Արատեսյան եռօրյա ճամփորդությունը փոքր-ինչ ռազմամարզական տեսք ստացավ, երբ ճամփորդությանը մասնակցեցին 16 սեբաստացի տղաներ, ինչը պարտավորեցնում էր մեզ՝ ուղեկցող ուսուցիչներիս։

Առաջին կանգառը Արենի գինու գործարանում էր, որտեղ սիրով մեզ ընդունեցին և ներկայացրեցին ինչպես գործարանի անցած ճանապարհը, անպես էլ այժմյան վիճակն ու գործունեությունը և գինի մթերելու իրենց տարբերակները։ Սովորողներին ցույց տվեցին ամենահին գինիները։ Խոսեցինք գինուց, խաղողից, սահմանամերձ գյուղից, որտեղ գործարանի խաղողի այգիներն էին, հաշվեցինք պատերազմի թողած հետևանքներն ու տնտեսական կորուստները, հաշվեցինք տվյալ պահին մթերվող գինու քանակը։

Հաջորդ կանգառը բնագիտական ու էկոլոգիական էր․ կանգնեցինք Արփա գետի ափին․ ընդմիջեցինք ու սկսեցինք մաքրել ու բարեկարգել տարածքը։ Կենդանական աշխարհի նկատմամբ էլ անտարբեր չմնացին մեր տղաները․ բռնեցին գորտեր, ուսումնասիրեցին հերթով ու մեր հորդորով բաց թողեցին (հակառակ դեպքում՝ պատրաստվում էին վիրահատության), հետո հայտնվեց գետափի փիսոն, որն իր շուրջը հավաքեց տղաների մի մեծ բանակ։ Տղաները փոքրիկ կատվին կերակրելուց ու նրա թաքստոցին կոկիկ տեսք տալուց հետո միայն շտապեցին ավտոբուս, որը մեզ սպասում էր դեպի Եղեգիս ուղևորվելու համար։

Չքնաղ Եղեգիս գյուղում երկար զբոսնեցինք։ Դեպի Զորաց եկեղեցի տանող ճանապարհը հետաքրքիր էր ու հարուստ․ հարուստ էր գյուղական տներով, վայրի մրգերով ու հին մի քանի եկեղեցիներով, բայց մարդկանց հետ զրուցելու համար ստիպված եղանք դռները թակել, երկաթե դարպասներց մի քանի բառ փոխանակել ու անցնել։
Աննկարագրելի գեղեցիկ է Զորաց եկեղեցուց բացվող տեսարանը․ սովորողները հիացմունքը չէին էլ ցանկանում զսպել, քարայծների պես վազվզում էի տարածքում, նկարում ու նկարվում էին, աչքերով ագահաբար որսում ու պահպանում հիշողությունների մեջ ամեն մի տեսարան։ Ինչպիսի ուրախությամբ քայլեցինք դեպի Զորաց եկեղեցի, նույնպիսի ուրախ խոսք ու բառով էլ ցած իջանք դեպի մեր սպիտակ ու հարազատ ավտոբուսը՝ ճանապարհին «թալանելով» գյուղական միակ խանութը (վաճառողուհու ուրախությանը չափ չկար)։
Վերադարձին վերջին դարերի ընթացքում կառուցված ևս մի եկեղեցի գտան սովորողները, իրենց գտածոն համալրվեց կողքի հին ու անբնակ տան պատկերով։

           

Վերջին կանգառն Արատեսում էր։ Ընտրեցինք սենյակները, տեղավորվեցինք, դասավորվեցինք։ Հանգստից հետո հերթն եկավ աշնանային խարույկի։ Ամփոփեցինք օրը, ապա սովորողները երգեցին, պարեցին, պատմություններ պատմեցին, եղան գրական քննարկումներ, մաթեմատիկական խաղեր։

Գիշերը անտանելի ու անհանգիստ էր դասավանդողների համար, մեր ապագա զինվորիկները քնել չէին ցանկանում նշված ժամին, ճամբարային բարձր տրամադրությունով ու ճարպիկ հնարքներով փորձում էին մանկական չարություններով ավարտել օրը։ Քնի ժամը փոքր-ինչ ուշացավ, բայց լրացվեց նոր զրույց-քննարկումներով։

Արատեսյան լուսաբացը չուշացավ․ բնությունը չի սպասում, մինչև քունդ առնես։ Մենք էլ չսպասեցինք, որ մեր անքուն «հրեշները» լավ քնեն ու հանգստանան։
Առավոտյան նախավարժանքը չուշացավ․ տաքացնել էր պետք մկանները, որ հնարավորինս շուտ սկսեինք քայլարշավը։

Սմբատաբերդի բարձունքը հաղթահարեցինք։ Մեկնարկը Եղեգիս գյուղից էր (Ես կընտրեի Արտաբույնքից բարձրացող լայն ու ապահով ճանապարհը, բայց մեր զինվորիկներին սազական չէր պարզ ճանապարհը․ ընտրեցինք նեղ ու ավելի դժվարամատչելի ճանապարհը)։
Սմբատաբերդ բարձրացանք հենց սեպտեմբերի չորրորդ օրը․ կարևոր առաքելություն ունեինք։

Շնորհավորանքը տե՛ս վերջում։

Երկրորդ և երրորդ օրերը շարունակվեցին բակային աշխատանքներով, ծառատունկի նախապատրաստություններով, բերքահավաքի մեկնարկով։

Ճամփորդության վերջին կանգառը Վաղաշենում էր։ 

Ճամփորդության տեսապատումը տե՛ս այստեղ։

Սովորողների պատումները

Թողնել մեկնաբանություն